Եգիպտոսն ու Ֆրանսիան Թուրքիայի հետ հակասությունների ֆոնին ամրպնդում են ռազմավարական գործընկերությունը․ France 24
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին դեկտեմբերի 6-ի երեկոյան եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա: Եգիպտոսի առաջնորդը Ելիսեյան պալատում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Կահիրեի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու ուղղությամբ, փոխանցում է France 24-ը։
Մակրոնն ու Սիսին դեմ են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի աճող ազդեցությանը։ Բացի հիշյալ տարածաշրջաններում, ինչպես նաև Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելուց, նրանց միավորում է կրոնական ծայրահեղականության և խմբավորումների դեմ պայքարը, որոնք մեծ աջակցություն են ստանում հենց Թուրքիայից:
Ֆրանս-թուրքական հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին ֆրանսիական ապրանքների բոյկոտի կոչ է արել։ Եգիպտոսի նախագահի Փարիզ կատարելիք այցի նախօրեին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ «Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ ազատվի Մակրոնից»:
Ֆրանսիայի հովանու ներքո Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ձևավորվում է երկրների դաշինք, որոնք պատմականորեն բարդ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։