ԱՄՆ գլխավոր դատախազը կարող է պաշտոնից հեռանալ նախքան երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը. The New York Times
ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը դիտարկում է աշխատանքից ազատման հնարավորությունը նախքան 2021-ի հունվարին գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով The New York Times թերթին:
Աղբյուրների հաղորդմամբ՝ Բարրը կարող է թողնել արդարադատության նախարարությունը մինչև 2020-ի ավարտը, սակայն, ինչպես գրում է թերթը, նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Աղբյուրներից մեկը պնդում է, որ Բարրը դիտարկել է աշխատանքից ազատման հնարավորությունը նախագահական ընտրությունների ժամանակ զանգվածային ընտրակեղծիքների բացակայության մասին հայտարարելուց որոշ ժամանակ առաջ:
Արդարադատության նախարարության և Սպիտակ տան ներկայացուցիչները խմբագրությանը հրաժարվել են մեկնաբանություն տալ Բարրի մտադրության մասին տեղեկության առնչությամբ:
Ավելի վաղ Բարրը հայտնել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ իր գլխավորած գերատեսչության կողմից իրականացրած ստուգումները նոյեմբերի սկզբին Միացյալ նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում արված զանգվածային կեղծիքներ դեռևս չեն հայտնաբերել: