Թրամփը Բայդենի երդմնակալությանը մասնակցելու մտադրություն չունի
ԱՄՆ գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը նախատեսում է հունվարի 20-ին դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը ուղղաթիռով Սպիտակ տանից հեռանալ, այնուհետեւ Air Force One օդանավով ուղեւորվել Ֆլորիդա՝ այդպիսով բացակայելով մայրաքաղաքում անցկացվող բոլոր պաշտոնական արարողություններից, հայտնում է Axios-ը:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփը ո՛չ Սպիտակ տանը ողջունելու է Բայդենին, ո՛չ մասնակցելու է երդմնակալությանը, դրա փոխարեն Ֆլորիդայում անցկացվող մասշտաբային հանրահավաքում ելույթ է ունենալու իր կողմնակիցների առջեւ, որտեղ հայտարարելու է, որ մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին:
Պարբերականը նշում է, որ Թրամփն, «անցյալում լինելով հեռուստաաստղ», պատրաստվում է իրավիճակ ստեղծել, որի դեպքում հեռուստադիտողի ուշադրությունը բաժանվելու է Վաշինգտոնում նոր նախագահի երդմնակալության արարողության, որն անցկացվելու է սոցիալական հեռավորության նորմի պահպանմամբ, եւ Ֆլորիդայում վիթխարի բազմության առջեւ սեփական ելույթի միջեւ:
Սպիտակ տանը Թրամփի այսպիսի ծրագրի մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատում: