Այն, ինչ տեղի է ունենում, խաբեություն և կեղծիք է, ոչ թե ընտրություն. ԱՄՆ պետքարտուղարը՝ Վենեսուելայում ընթացող ընտրությունների մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է այն մասին, որ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորների ընտրությունների արդյունքները չեն արտացոլի ժողովրդի կամքը, քանի որ քվեարկության ընթացքում, համաձայն իր պնդումների, թույլ են տրվել կեղծիքներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Վենեսուելայում ընտրակեղծիքներն արդեն կատարվել են: Արդյունքները, որոնք հայտարարվել են Մադուրոյի ոչ լեգիտիմ ռեժիմի կողմից, չեն արտահայտելու Վենեսուելայի ժողովրդի կամքը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, խաբեություն և կեղծիք է, ոչ թե ընտրություն»,- գրել է Պոմպեոն թվիթերյան իր էջում:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունների համար ընտրատեղամասերը բացվել են կիրակի տեղի ժամանակով 06:00-ին (երևանյան ժամանակով՝ 14:00), իսկ փակվելու են 18:00-ին (02:00): Վենեսուելացիները պետք է ընտրեն 227 պատգամավորի: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 14 հազար թեկնածու 107 քաղաքական ուժերից:
Գործող կառավարության հակառակորդները Խուան Գուայդոյի գլխավորությամբ պարբերաբար երկրի իշխանություններին մեղադրել են ընտրությունների նախապատրաստման փուլում թույլ տված խախտումների մեջ: