Կիբերանվտանգության գործակալության նախկին ղեկավարը Թրամփին մեղադրել է ապատեղեկատվության մեջ
Դոնալդ Թրամփի վարչակազմի ընտրությունների անվտանգության գծով նախկին առաջատար փորձագետ Քրիս Քրեբսը պետության ղեկավարին մեղադրել է քվեարկության արդյունքների վերաբերյալ ապատեղեկատվության մեջ:
Թրամփը նախօրեին Ջորջիայում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ և հայտարարել, որ հաղթում է ընտրություններում, բայց դեմոկրատները փորձում են «գողանալ» այդ հաղթանակը: Նախնական արդյունքները հակառակն են վկայում:
Ըստ Քրեբսի Twitter-ում արված հայտարարության՝ Թրամփի ելույթը «ակտիվ, համակարգված ապատեղեկատվական արշավ է մեր ընտրությունների նկատմամբ վստահությունը խաթարելու համար»:
«Ես չգիտեմ` սա դիտավորյալ է, թե խոսքը կամավոր կուրության մասին է, բայց ընտրությունների արդյունքները պարզ են: Վերջին մի քանի օրվա ընթացքում առանցքային նահանգները վավերացրել են (արդյունքները)… Այս մրցավազքն ավարտված է, պետք է պատրաստվենք (երդմնակալությանը) հունվարի 20-ին և հաջորդ վարչակազմին»,- ասել է Քրեբսը CBS-ի եթերում: