Հունաստանի ոստիկանությունը ավելի քան 100 մարդու է բերման ենթարկել Աթենքի կենտրոնում՝ հանրահավաքների արգելքի պատճառով
Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը Աթենքի կենտրոնում ավելի քան 100 մարդու է բերման ենթարկել՝ դեկտեմբերի 6-ին, 2008թ.-ին ոստիկանի կողմից գնդակահարված 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսի հիշատակի օրը, հանրահավաքների արգելքի պատճառով: Այս մասին հաղորդել է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:
Իրավապահները, կատարելով հրամանը, ցրել են բոլոր հավաքներն ու երթերը՝ թույլ չտալով անգամ ուսուցիչների պատվիրակությանը մոտենալ դեռահասի հուշարձանին, որը տեղադրված է նրա զոհվելու վայրում:
Հունական ոստիկանությունը, վկայակոչելով կորոնավիրուսային համավարակի տարածման դեմ պայքարի անհրաժեշտությունը, արգելել էր հանրահավաքներն ու երթերը դեկտեմբերի 6-ին՝ Գրիգորոպուլոսի հիշատակի օրը: Հայտարարվել էր, որ արգելքը խախտելու համար նախատեսվում է վարչական տուգանք՝ 5000 եվրո իրավաբանական անձանց և 3000 եվրո՝ ֆիզիկական անձանց համար: