Օբաման հավաստիացրել է, որ իր կինը չի պատրաստվում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման չի պատրաստվում առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Այդ մասին պատմել է նրա ամուսինը՝ Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման կիրակի La Vanguardia իսպանական թերթին տված հարցազրույցում, որն արվել էր «Խոստացված երկիր» (A Promised Land) իր հուշագրերի առաջին հատորի հրատարակման կապակցությամբ:
«Միշելը չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Ես կարող եմ երաշխավորել դա,-պարզաբանել է նախկին նախագահը:-Ինչպես ես պատմում եմ գրքում, նա չի սիրում քաղաքականությունը»: «Այդուհանդերձ, ես միշտ կսատարեմ նրան ամեն ինչում անկախ նրա նպատակներից, ինչպես եւ նա էր վարվել իմ նկատմամբ»,-հավաստիացրել է Օբաման:
Օբամայի հուշագրերի առաջին հատորը բաղկացած է 768 էջերից եւ թարգմանված 25 լեզուներով: Ավելի վաղ Օբաման արդեն հրատարակել էր երկու գիրք՝ «Իմ հոր երազանքները» (Dreams From My Father, 1995) եւ «Հույսի հանդգնությունը» (Audacity of Hope, 2006), որոնք համալրել են լավագույն վաճառվող գրքերի շարքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: