ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ի ընթացքում նվազել է 5600 մարդով կամ 0.2%-ով. Ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ եւ 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով:
ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային եւ գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% եւ 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց եւ կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 եւ 38.8 տարի:
2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 եւ ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց եւ 336 0-15 տարեկան երեխա):
Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը եւ ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության եւ մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):
2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար` 27.3 եւ 25.1 տարվա համեմատ:
Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ եւ բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը եւ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով:
1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական եւ քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաեւ բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ:
2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական):
2019թ.-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ` 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով եւ կազմել 8.8 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ:
Ծննդյան եւ մահվան ցուցանիշների տարբերությունով ձեւավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազ.մարդ՝ 2018թ. 10.8 հազ. մարդու համեմատ: 2019թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.4 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.2 պրոմիլային կետով:
Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից եւ չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:
Արական եւ իգական սեռերի մահացության տարբեր մակարդակներով պայմանավորված, տարբերվում են նաեւ տղամարդկանց եւ կանանց կյանքի սպասվող միջին տեւողության ցուցանիշները: 2019թ.-ին կյանքի սպասվող միջին տեւողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 73.2 կանանց համար` 79.7 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար` 72.7 եւ 79.1 տարի:
2019թ. Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ իրենց բնակավայրերից բացակայել են տնային տնտեսության (տ/տ) անդամների` 5.1%-ը, իսկ 14.4 %-ը՝ 2014-2019թթ.-ի ընթացքում երեք ամիս եւ ավելի ժամկետով ապրել են ՀՀ այլ բնակավայրում կամ այլ երկրում ու վերադարձել են իրենց մեկնումներից:
Մեկնած եւ 2019թ. դրությամբ դեռեւս չվերադարձած տնային տնտեսության անդամների` 18.6%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երեւան քաղաքի/ՀՀ մարզերի միջեւ, 11.8%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 69.6%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 90% տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:
2014-2019թթ. ընթացքում մեկնած եւ 2019թ. դրությամբ վերադարձած տնային տնտեսության անդամների`8.8%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երեւան քաղաքի/ՀՀ մարզերի միջեւ, 11%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 80.2%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 87.8%-ի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:
Հետազոտված ժամանակահատվածում (2014-2019թթ.), ըստ ՄԱԿ-ի սահմանած մեթոդաբանության, միջազգային միգրանտները կազմել են երկրից 3 ամիս եւ ավելի ժամկետով բացակա տ/տ անդամների (չվերադարձածների) շուրջ 84%-ը (մոտ 85 000 հազ. մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 3-12 ամիս տեւողությամբ երկրից բացակայածները (ներառված չեն` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, բուժման մեկնածները) կազմել են 68%, իսկ երկարաժամկետ միգրանտները՝ մեկ տարի եւ ավելի ժամկետով բացակայողները կազմել են 32%: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2014-2019թթ. միջակայքում 3 ամիս եւ ավելի տեւողությամբ ՀՀ-ից մեկնած եւ 2019թ.-ի դրությամբ դեռեւս չվերադարձած տ/տ միգրանտ անդամների գնահատված միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 16 հազ. մարդ:
Հետազոտության արդյունքներով արձանագրվել է նաեւ, որ տ/տ անդամների շուրջ 3.7%-ը՝ մտադրություն է ունեցել մոտակա 12 ամիսների ընթացքում մեկնել այլ երկիր, 0.5 %-ը՝ ք.Երեւան կամ ՀՀ այլ մարզ, իսկ 95.8 %-ը՝ նման մտադրություն չի ունեցել: