Վերաբերել – վերաբերվել, հուսով – հույսով. Ինչպե՞ս ճիշտ խոսել հայերեն
ԻՄԱՍՏԱՅԻՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐ
• ազատել –ազատագրել ---- Ազատել-ի իմաստը բավականաչափ ընդարձակ է. մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից, Ազատել դասարանը, շենքը, տարածքը: Նաև թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը: Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրելը, որնույն ազատելն, բայց' պայքարով, կռվող: Կրկնում եմ. ազատագրելը նույն ազատելն է,բայց կռվով, պայքարով: Նաև' թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը:
• բռնագանձել - բռնագրավել --- Այստեղ նրբությունն այն է, որ չնայած բառերը իմաստով մոտ են, բայցբռնագանձելը կապվում է դրամի, փողի հետ, իսկ բռնագրավել կարող են գույքը, կահույքը:
• գործառություն - գործառնություն --- Գործառությունը որևէ մեկի կամ որևէ բանի կատարած դերն է, օտար բառով' ֆունկցիան, օրինակ' «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»: Իսկ գործառնությունը տնտեսական-ֆինանսական-առևտրային գործողություն է նշանակում: Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարքով: Օր. '«Հայարդշինբանկը նոր գործառնություններ է նախատեսում»:
• զեկուցում - զեկույց --- Զեկուցումը ավելի հայտնի գործածություն ունի. զեկուցումներ ենք
կարդում կամ լսում տարբեր թեմաներով' գիտական,մանկավարժական, մշակութային: Օրինակ'«Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին»: Իսկ զեկույցը որևէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիճ տեղեկատվություն- հաղորդումն է /օտար բառով' report-ը/: Զեկույց կարելի է վերադասին ներկայացնել որևէ դեպքի, պատահարի, մեկի վարքի մասին:
• զերծ -զուրկ --- Սրանք հոմանիշ բառեր են և «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու»
ընդհանուր նշանակությունը ունեն: Սակայն հստակորեն տարբերվում են կիրառության նրբերանգներով: Զերծը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու իմաստով»' «Չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»: Զուրկը գործածվում է «որևէ լավ հատկություն կամ անհրաժեշտ , ցանկալի բան չունենալու իմաստով»: «Բարիքներից,
խելքից, օգնությունից զուրկ»:
• հասկացողություն – հասկացություն --- Հասկացողությունը հասկանալու-ըմբռնելու կարողությունն է, օր.' «Աշոտը մաթեմատիկայից ու ֆիզիկայից լավ հասկացողություն ունի»: Իսկ հասկացությունը տվյալ բառի կամ բառակապակցության արտահայտած իմաստն է, բովանդակությունը. օր.' «Տարբեր երկրներում տարբեր կերպ են մեկնաբանում մարդու իրավունքներ հասկացությունը»: Ուստ'ի սխալ է ասել. «Խիղճը, գութը, կարեկցանքը բարոյական հասկացողություններ են»:
• հուսով – հույսով --- Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում: Հուսով-ը օժանդակ «եմ» բայի հետ է հանդես գալիս «Ես հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանաս»: Այսինքն հույս ունեմ, որ ճիշտ կհասկանաս: Իսկ հույսով-ը' իբրև գործիական հոլովով գոյական նախադասության մեջ լրացում է լինում: Գուցե շատ մասնագիտական է բացատրությունը, բայց կոնկրետ օրինակով հիմա տարբերությունը կզգաք. «Հույսով սպասում է, հույսով ապրում է՚: Սխալ է ասել «Դուք հույսով եք , որ նա կկատարի իր խոստումը»:
• մեղանչել - մեղա գալ ---- Մեղանչել-ի սխալ գործածությունը անչափ շատ է տարածված: Կարծում են, թե մեղանչելը հենց մեղքը ընդունել, մեղքը քավել է նշանակում: Ճիշտ հակառակն է. մեղանչել նշանակում է մեղք գործել, հանցանք կատարել, օր. Իսահակյանի հերոսի տողերում ' «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»: Ուրեմն' սխալ է հետևյալ կիրառումը.«Թուրքիան հայ ժողովրդի դեմ կատարած մեծագույն հանցանքի համար պիտի մեղանչի»/ մեղանչելու փոխարեն պետք է լինի Թուրքիան պիտի զղջա, ընդունի, մեղքը քավի:
• շնորհիվ – պատճառով --- Ժամանակակից հայերենում երկու կապերն էլ, ըստ էության, նույն գործառույթն ունեն, բայց ոճական-իմաստային տարբեր նրբերանգներով: Շնորհիվ-ը գերազանցապես գործածվում է դրական իմաստ արտահայտելու համար' աշխատասիրության շնորհիվ, լավ դաստիարակության շնորհիվ: Պատճառով-ը կամ ընդհանրական չեզոք երանգ ունի, կամ բացասական, օր' «Հրավերքին նա չմասնակցեց տանը հյուրեր ունենալու պատճառով» կամ նրանց բաժանությունը փողի պատճառով էր՚: Սխալ է ասել «Նա իր աշխատասիրության պատճառով մեծ ձեռբերումներ ունեցավ»:
• վերաբերել – վերաբերվել --- Բազմիցս կրկնվող սխալ: Հիշեցնեմ այս երկու բառերի տարբերությունը. Վերաբերել-ը որևէ մեկի կամ բանի մասին ասել, խոսել, նաև առնչվել-առնչություն ունենալ իմաստն ունի. «Ասածս նախ քեզ է վերաբերում, հետո' ընկերոջդ»: Իսկ վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ, վարվել:«Երեխայի հետ քնքշորեն վերաբերվիր»:
• փոխանակ - փոխարեն -- Իբրև կապեր սրանք նույնանիշներ են, բայց կիրառությունը սերտորեն կապված է շարադասության հետ. փոխանակ-ը առաջադաս է, փոխարենը հետադաս: «Փոխանակ զայրանալու' լռեց/ Զայրանալու փոխարեն լռեց/»: Այսինքն սխալ է ասել «Ավերված տան փոխանակ նոր բնակարան հատկացրին»: Նմանապես սխալ է «Փոխարեն քո լավության կփորեմ այգիդ»:
• դիտել - դիտարկել --- «Մենք դիտում ենք աստեղերը» և«Մենք դիտարկում ենք աստղերը": Առաջինում սովորական գործողություն ենք հասկանում, երկրորդում նշանակում է դիտելու առարկա դարձնել, դիտել որոշակի նպատակով' հետազոտելու, ուսումնասիրելու:
• մեկնել – մեկնարկել --- Մեկնելը մի քանի իմաստ ունի. ա/ ուղևորվել, շարժվել, ճանապարհ ընկնել . «Ավտոբուսը մեկնում է ժամը 5-ին»: բ/ Պարզել, երկարել «Ձեռքը մեկնեց վիրավորին»: գ/ Մեկնաբանել, պարզաբանել ՙՆարեկացուն շատերն են մեկնել, բայց ասես միշտ էլ անմեկնելի է մնում»: Մեկնել-ի առաջին «Շարժվել» իմաստներին շատ մոտ է մեկնարկել համեմատաբար նոր բառը /որ օտար բառով ստարտն է» Նշանակում է այսինչ տեղից շարժվել, մեկնարկ, ստարտ վերցնել: օր.' «Հեծանվորդները մեկնարկեցին Չեխիայի մայրաքաղաքից»: