ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սոմալիից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել` մինչեւ 2021 թվականի սկիզբ Սոմալիից ԱՄՆ զորքերի մեծ մասի դուրս բերման մասին, հայտնում է CNN-ը:
«ԱՄՆ նախագահը պաշտպանության նախարարությանը եւ Աֆրիկայի հրամանատարությանը հանձնարարել է մինչեւ 2021-ի սկիզբ անձնակազմի եւ գույքի մեծ մասը տեղափոխել Սոմալիից», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ, չնայած Սոմալիում ծառայող գրեթե բոլոր զինվորականների դուրսբերմանը, «այս քայլը փոփոխություն չէ ԱՄՆ քաղաքականության մեջ»:
«Այս միջոցառումը հեռանալ կամ մեր ջանքերի դադարեցում չէ, այլ` վերակողմնորոշում դեպի մեր ջանքերի շարունակումն Արեւելյան Աֆրիկայում»,- հայտարարել են Պենտագոնում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարգադրել էր մինչեւ 2021 թվականի հունվարի 15-ը դուրս բերել ամերիկյան զորքերն Աֆղանստանից եւ Իրաքից: