Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում
Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կորոնավիրուսից ապաքինվելուց եւ ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո առաջին մարզումն է անցկացրել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար մարզումից։
Լուիս Սուարեսը չկարողացավ մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին «Լոկոմոտիվի» (0:0) եւ «Բավարիայի» (1:1) դեմ։ Երկու հանդիպում էլ նա բաց թողեց Իսպանիայի առաջնությունում՝ «Բարսելոնայի» (1:0) եւ «Վալենսիայի» (0:1) հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։