Պեսկով. Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ
Ռուսաստանի խաղաղապահներն ու մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հավաստիացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այնտեղ [Լեռնային Ղարաբաղում] չկա գլխավոր, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմ` Հայաստանը եւ Ադրբեջան»,- ուրբաթ լրագրողներին ասաց Կրեմլի խոսնակը` պատասխանելով հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները:
Պեսկովը շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ հայտարարություն են [կարգավորման վերաբերյալ] ստորագրել»: «Եվ սույն հայտարարության դրույթների իրականացման համար ռուս զինվորականները, ինչպես նաեւ ռուսական մարդասիրական առաքելությունը, որը ոչ միայն զինվորականներից է բաղկացած, համակարգում են իրենց գործողություններն ադրբեջանցիների եւ հայերի հետ»,- ասաց ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը: