Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը (լուսանկարներ)
ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները ընդունել են շուրջ 40 բնակչի: Բժշկական խորհրդատվություն, հետազոտություն և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և պրոֆիլային այլ մասնագետներ:
Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող բուժառուների հետ աշխատանքում իրենց գործընկերներին աջակցել են ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները:
Հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նախօրեին մեկնարկել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում: Ավելի վաղ ռազմական հոսպիտալ էր տեղակայվել Ստեփանակերտում: