Թուրք ծայրահեղականները Գերմանիայում ահաբեկում են հայերին. Die Welt
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքեց թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում նաև Գերմանիայում. նույնիսկ նրանց երեխաներին են աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ ուղարկում։ Այս առնչությամբ վերջիններս օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից», -գրում է գերմանական Die Welt-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, այս առնչությամբ ասվում է. «Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և տեղի հայերի դեմ իրենց համախոհներին տրամադրելով»։
Պարբերականը նշում է՝ հարձակումներն իսկապես սկսել են իրականացվել դեռևս ամռանից։ Մասնավորապես, հուլիսի 23-ին Բեռլինում Հայաստանի դեսպանատան մոտ մեքենա է այրվել, Քյոլն-Մյուլհայմ շրջանում իրենց ադրբեջանցի համարող մոտ 30 մարդ հարձակվել է հայկական նարգիլե-սրճարանի վրա, ինչպես նաև Հանովերում հայկական եկեղեցու ծխական համայնքին այնպես են սպառնացել, որ պատարագը եկեղեցում ստիպված են եղել անցկացնել ոստիկանության ներկայությամբ։
Իսախանյանի նամակում մանրամասնվում է նաև, որ որոշ հոգևորականներ և համայնքի անդամներ պնդում են, որ «Գորշ գայլերի» նամակներում նշվում է. «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»։