Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտության սպառնալիք չկա. Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչ
Ներկայում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտության սպառնալիք չկա: Այս մասին հայտարարել է Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրան հարցրել են՝ կա՞ իրականում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին առաջիկայում հարված հասցնելու և դրա արդյունքում ռազմական բախման իրական սպառնալիք:
«Եթե ես ստիպված լինեի մեկ բառով պատասխանել, ես կասեի «ոչ»: Շատ բաներ, ինչ կարդում եմ թերթերում, ստիպում են ինձ ժպտալ: Ես համարում եմ, որ դա հնարավորինս շատ թերթեր վաճառելու փորձ է»,-ասել է Աբրամսը, որն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Նրա խոսքով` փորձագետները, որոնք այժմ նախազգուշացնում են Իրանի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետևանքով պատերազմի հավանականության մասին, նույնն էին ասում 2020 թվականի հունվարին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:
«Ինչպիսի՞ն էր իրանական արձագանքը Սոլեյմանիի սպանությունից հետո: Փաստացիորեն, ոչ մի առանձնահատուկ բան», - ասել է ամերիկացի դիվանագետը: Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Իրանի ղեկավարության բազմաթիվ հայտարարություններ, հատկապես Ֆախրիզադեի և Սոլեյմանիի սպանությունների հետ կապված վրեժխնդրության մասին, ուղղված են ներքին լսարանին:
«Կասկած չկա, որ կայծ միշտ կարող է լինել, այդ իսկ պատճառով մենք ռազմական ուժերը պահում ենք (Պարսից) ծոցում», - խոստովանել է Աբրամսը:
«Սակայն, - նշել է նա, - ես հակված կլինեմ ուշադրություն չդարձնել գրվածների մեծ մասին (վերջին օրերին Մերձավոր Արևելքում սրվող լարվածության մասին): «Ոչ ոք պատերազմ չի ուզում: Իրանը պատերազմ չի ուզում, քանի որ գիտի, որ պարտվելու է Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում», - ասել է Աբրամսը:
Նրա տեսանկյունից, «ռեժիմը (Թեհրանում), երբ բախվում է ուժի, հակված է նահանջել»: