ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» չինական չորս ընկերություն է ներառել
ԱՄՆ-ն Պենտագոնի «սև ցուցակում» է ներառել չինական չորս ընկերություն, որոնք իբրև կապված են չինացի զինվորականների հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ համապատասխան հաղորդագրությունը հրապարակելով գերատեսչության պաշտոնական կայքում։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ցանկում ներառվել են կիսահաղորդիչներ արտադրող SMIC (Semiconductor Manufacturing International Corporation) ընկերությունը, նավթագազային օֆշորային CNOOC կորպորացիան, China Construction Technology Co. Ltd. (CCTC) և China International Engineering Consulting Corp. (CIECC) ընկերությունները։
«Պենտագոնը պատրաստ է դիմակայել Չինաստանի՝ ռազմաքաղաքացիական հատվածի զարգացման ռազմավարությանը, որն ուղղված է աջակցելու Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արդիականացման նպատակներին առաջատար տեխնոլոգիաներին հասանելիություն ապահովելու միջոցով։ Դա արվում է նույնիսկ այն չինական ընկերությունների, համալսարանների ու հետազոտական ծրագրերի օգնությամբ, որոնք քաղաքացիական են թվում։ Ընկերությունների նախնական ցանկը Պենտագոնը Կոնգրեսի համար հրապարակել էր 2020 թվականի հունիսին և շարունակելու է թարմացնել այն՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով կազմակերպություններ», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՉԺՀ ԱԳ նախարարությունը կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին խտրական վերաբերմունք չցուցաբերել չինական ընկերությունների նկատմամբ և չխոչընդոտել երկկողմ համագործակցությանը։