Իրանը մտադիր է խորացնել առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ
Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտնել է հարևան Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ վերացնելով երկկողմ առևտրի համար առկա խոչընդոտները:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Վաեզին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ֆինանսների նորանշանակ նախարար Լյութֆի Էլվանի հետ, որի ժամանակ կարևորել է բարեկամական հարաբերություններն ու կոչ արել ընդլայնել տնտեսական համագործակցությունը Թեհրանի և Անկարայի միջև:
«Օգտվելով նոր միջազգային պայմաններից և վերացնելով երկրների միջև բիզնես համագործակցության համար առկա խոչընդոտները՝ երկու պետությունները կարող են հետագայում խորացնել իրենց կապերը»,- ասել է Վաեզին:
Վերջինս հավելել է, որ կողմերի համար անհրաժեշտ է հետագա աջակցություն ցույց տալ ներդրումներին մասնավոր հատվածի միջոցով:
Թուրք նախարարը, իր հերթին, նշել է, որ կանի ամեն ինչ՝ խորացնելու համար գործարար հարաբերություններն Իրանի և Թուրքիայի միջև: