Զախարովա. Անհետ կորած զինծառայողների որոնման խնդիրը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ
Անհետ կորած զինծառայողների որոնման եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հասարակությունների համար, այն գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներ են կատարում ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը սերտ շփման մեջ է հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ:
Խոսելով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հեռախոսային բանակցությունների մասին՝ Զախարովան հայտնել է, որ քննարկվել են ռուս խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցով հետագա քայլերը, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման միջոցառումները:
Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղ կայցելի ՄԱԿ-ի գծով գնահատման առաքելությունը:
«Մարդասիրական բեռների տեղափոխման միջոցառումներ են սկսվել: Ռուսաստանն այդ կապակցությամբ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Անցած շաբաթ ջանքեր են գործադրվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով: Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել»,-հավելել է Զախարովան: