Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch
Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:
Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։
Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ: Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»։