Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել
Թուրքիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 32 հազար, բարդացումների հետևանքով մահացել է ավելի քան 190 մարդ, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 31 923 նոր դեպք: Մահացել է 196 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր՝ 14 129: Ծանր վիճակում են 5502 մարդ»,- նշվում է գերատեսչության կայքում:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակը Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում նաև Ստամբուլում, հասել է իր երրորդ պիկին:
Վերջին շաբաթների ընթացքում երկրում պարբերաբար գրանցվում են կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահացության ռեկորդային օրական ցուցանիշներ: