The National Interest․ Ադրբեջանը հաղթանակի համար ստիպված կլինի վճարել իր անկախությամբ
Ադրբեջանը Ալիեւի հաղթանակի համար ստիպված կլինի վճարել իր անկախությամբ։ Անձնական իշխանությունն ամրապնդելու եւ կնոջն ու որդուն փոխանցումը երաշխավորելու համար Ալիեւը վաճառել է ադրբեջանական ինքնիշխանությունը, նշում է The National Interest-ը։
Ադրբեջանում են հիմա գտնվում ռուսական զորքերը։ Նրանք տեսականորեն եւ գործնականում ապահովում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի պահպանումը։ Սակայն այս տարածաշրջան ռուսական զորքերի վերադարձը համապատասխանում է Պուտինի վաղեմի նպատակին, որը, ըստ երեւույթին, ցանկանում է իր իշխանության տակ վերադարձնել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները։ Ալիեւը, հավանաբար, իրեն վստահ է զգացել՝ համաձայնվելով ռուսական զորքերի մուտքին, որովհետեւ նրանք ամրապնդում են այն հաղթանակները, որոնց նա թուրքերի հետ միասին հասավ պատերազմի ժամանակ։ Բայց Ալիեւը մոռացել է, որ ռուսական զորքերն արագ են մտնում, սակայն հազվադեպ են հեռանում։
Թուրքերը եւս հազիվ թե Ադրբեջանը լքեն։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էր եւ նրան հարակից ադրբեջանական շրջանները, որոնք Հայաստանը գրավել էր 1988-1994 թվականների ռազմական գործողությունների ժամանակ։ Բայց Թուրքիան այլ դրդապատճառներ ուներ։ Էրդողանը եւ Դողա Փերինչեքի ռազմական տեսակի մտավորական առաջնորդները վաղուց ի վեր կրում են պանթյուրքական մտքեր՝ ձգտելով Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ մշակութային, տնտեսական եւ քաղաքական մերձեցման։ Երբ Անկարայի հյուրերը Էսենբողի օդանավակայանից գնում են քաղաքի կենտրոն, ճանապարհին նրանց դիմավորում է որմնանկար, որի վրա պատկերված են Ադրբեջանից մինչեւ Արեւելյան Թուրքեստան բոլոր թյուրքական հանրապետությունների դրոշները։ Որպես տեղեկանք՝ իրենց տարածքն այդպես են անվանում Չինաստանի դեմ իրենց անկախության համար պայքարող ույգուրները։
Բայց Հայաստանը խանգարում է Էրդողանի վիթխարի հավակնություններին, որովհետեւ նա (հավասարապես ինչպես եւ Վրաստանը) տարածքային առումով Թուրքիային բաժանում է թյուրքական հանրապետություններից։ Ըստ տեղեկությունների՝ հրադադարի համաձայնագիրը նախատեսում է հայկական տարածքով Թուրքիային միջանցքի տրամադրում (չնայած դրա գործելու մեխանիզմը դեռեւս հստակ չէ)։ Թուրքիան նույնպես իր զինվորականներին կուղարկի համատեղ թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոն։ Բաքվում են գտնվում թուրք հատուկջոկատայինները, իսկ ադրբեջանական ավիաբազաներում են շարունակում մնալ թուրքական F-16 ինքնաթիռները։ Ալիեւը գուցե եւ Էրդողանի մեջ իր ընկերոջ է տեսնում, սակայն Էրդողանն ինքը Ալիեւին համարում է ընդամենը միջոց սեփական նպատակներին հասնելու համար։
Եվ վերջապես՝ կան վարձկաններ Սիրիայից։ Թուրքիան օգնեց նրանց տեղափոխել Ադրբեջան, իսկ Ալիեւը ողջունեց նրանց ավանդը հաղթանակի մեջ։ Բայց նա հազիվ թե հնարավորություն ունենա նրանց ստիպելու հեռանալ երկրից, եթե անգամ ցանկանա դա անել։ Թուրքիան կարողացավ այդ վարձկանների կրակն ուղղել հայերի դեմ։ Ճիշտ նույն կերպ նա կկարողանա նրանց օգտագործել այն ադրբեջանցիների դեմ, որոնք կդիմադրեն թուրքական մտահղացումներին։
Ադրբեջանն առաջին անգամ անկախություն է ձեռք բերել 1918 թվականին, բայց արդեն 23 ամիս անց զրկվեց դրանից, քանի որ նավթի պաշարներով հարուստ ադրբեջանական տարածք մտան ռուսական զորքերը։ Խորհրդային Միության փլուզումը ադրբեջանցիներին երկրորդ հնարավորությունը ընձեռեց։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախությունը, ինչը հետագայում հաստատվեց հանրաքվեով։ Անկախության այս ժամանակաշրջանը փոքր-ինչ երկար տեւեց, սակայն վերջնարդյունքը նույնն է․ Ադրբեջանի տարածքում են գտնվում օտարերկրյա զորքեր, որոնք ենթարկվում են ոչ թե Բաքվին, այլ Մոսկվային եւ Անկարային։ Ադրբեջանցիները կարող են սիրտն ուզածի չափ տոնել նոյեմբերի 10-ը՝ այդ օրը համարելով ղարաբաղյան պատերազմում Հայաստանի դեմ հաղթանակի օր։ Բայց երբ գլխապտույտ երջանկության օրերը մնան անցյալում, նրանք կհասկանան, որ սա իրական ադրբեջանական անկախության վերջի սկիզբն է, որին կհետեւի երկրի ենթակայությունը ռուսական եւ թուրքական գերիշխանությանը։