ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած անձանց կարանտինի տևողությունը կկրճատվի մինչև 10 օր
ԱՄՆ իշխանությունները կկրճատեն կորոնավիրուսի վարակակիրների հետ շփում ունեցած անձանց կարանտինի առավելագույն տևողությունը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնում իր աղբյուրին հղումով հաղորդում է CNN հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին և նրա գլխավորած Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամներին տեղեկացրել է, որ համավարակի պայմաններում ինքնամեկուսացման նոր կանոնների ցուցակը կհրապարակվի մոտ օրերին:
Նշվում է, որ եթե նախկինում կորոնավիրուսի վարակակիրների հետ շփվածների կարանտինի ժամկետը կազմում էր երկու շաբաթ, ապա շուտով այն կկրճատվի մինչև 10 օր: Իսկ բացասական թեստի դեպքում պարտադիր կարանտինի ժամկետը կկազմի ընդամենը մեկ շաբաթ։
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 13,7 միլիոնը, մահացել է ավելի քան 270 հազար մարդ։ Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Տեխաս նահանգում (1 250 482), որին հաջորդում են Կալիֆոռնիան (1 244 588) և Ֆլորիդան (1 008 166):