2 տոննա օգնություն եմ նվիրել ՊՆ-ին, սակայն ոչ մի զինվորի մոտ ոչինչ չտեսա. Հայ բարերարը որոշել է գնալ ապրանքի հետքերով (տեսանյութ և լուսանկարներ)
Մենք գազան տղերք ենք ունեցել, էդ տղերքը չեն պարտվել: Պարտվել է իշխանությունն իր անկազմակերպությամբ, և երևի արդեն մտածեմ՝ նաև՝ դավաճանությամբ: Չնայած այն բանին, որ մեր բանակին այդպես է սփյուռքի ու Հայաստանի տրամադրած օգնությունը չհասավ, այդ տղաներն իրենց կյանքի գնով պայքարեցին ու մինչև այժմ էլ պայքարում են անգամ մի թիզ հողի համար: Խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցը, ով խորապես հիասթափված է:
Վարդան Մալխասյանը, ապրել է Կոնդ թաղամասում: Ծառայությունից հետո 2003 թվականից տեղափոխվել է ԱՄՆ: Նա երբեք չի եղել Արցախում, բայց այդ փաստը նրան չի խանգարել պատերազմի առաջին օրվանից պատրաստ լինել կռվել ու հարկ եղած դեպքում՝ կյանք տալ իր հայրենիքի համար:
Վարդանն ԱՄՆ-ում դիմել է ՀՀ դեսպանատուն, որպեսզի ինքն ու իր 100 ընկերները մեկնեն ռազմաճակատ, սակայն դեսպանատունը պատասխանել է, որ զորահավաքի հրաման չունեն: Ժամանակ չկորցնելու համար նա 2 տոննա օգնություն է ուղարկել ՀՀ ՊՆ, որը, ցավոք, հայտնի չէ, թե ում է բաժին հասել:
«Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միոցներ, պարագաներ: Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Քնելու պարկեր, հեռակառավարման սարքեր ,սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք , որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա: Այստեղից այդ 2 տոննան դեսպանատան միջոցով ուղարկել եմ Հայաստան, սակայն Հայաստանում որևէ մեկի մոտ չտեսա իմ ուղարկած ապրանքից և ոչ մի հատ»,-ասաց Վարդան Մալխասյանը:
Նշենք,որ Վարդան Մալխասյանը օգնությունն ուղարկել է անանուն, որպեսզի, այսպես ասած, իր արարքը որևէ պարագայում գովազդ չդիտարկվի:
Տեսնելով, որ օգնությունը չի ծառայում նպատակին, մեր հայրենակիցը փորձել է վստահելի մարդկանց միջոցով նոր օգնություն տրամադրել բանակին: «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթ լինելով Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանի հետ, նա էլի մանրամասն տեղեկանում է, թե կռվող տղերքն ինչի կարիք ունեն առաջնագծում:
Ամերիկահայ բարերարն այս անգամ 406 կիլոգրամ բեռ՝ 18 արկղ, անձամբ է բերում Հայաստան, որպեսզի րոպե առաջ օգնությունը հասցնի առաջնագիծ, որի շնորհիվ շատ զինվորների կյանք փրկել հնարավոր կլիներ: Մեր հայրենակիցը ԱՄՆ-ում թողնելով իր բիզնեսը գալիս է Հայաստան՝ օգնությունն անձամբ տեղ հասցնելու, ինչպես նաև առաջնագիծ մեկնելու, սակայն օգնությունը վերցնելու ընթացքում, խորը հիասթափություններ է ապրում, և որոշում է վերադառնալ ԱՄՆ՝ իր հետ որպես «նվեր» տանելով Կորոնավիրսուսը:
«Ինձ հետ բերել եմ 406 կիլոգրամ օգնություն: Ապրանք կար, որ չէի կարող բեռի մեջ տեղավորել, չէր թույլատրվում: Ստիպված էի զրահաբաճկոններն իմ անձնական հագուստի փոխարեն բերել: Ապրանքի համար էլի վճարում պիտի արվեր: 4000 դոլար էլ վճարել եմ ինքնաթիռով տեղափոխման համար: Հայաստանում բեռն ստանալու գործընթացը իսկական սարսափ կինոյի վերածվեց: Նախ զանգեցին, ասացին, որ Սարյան հասցեում ինչ-որ օֆիս կա, պիտի վճարում անեմ, դե, այդքան բան արել էի, էլ չհարցրի՝ ի՞նչ վճարում է, արեցի,մոտեցա, որ բեռը վերցնենք,այստեղ սկսվեցին խնդիրները, ու ճիշտն ասաց, մի պահ մտածեցի, թե դիմացինս թուրք է. ագրեսիվ, արհամարհական , հեգնական տոնով մեկն էր հերթափոխի պետը:
Անունը ՝ Արթուր,կոչումը՝ մայոր, ազգանունն էլ թույլ չտվեց նայել: Հետո իմացանք՝ Հակոբյան: Ասաց, որ բեռը ստանալու համար պետք է կամ վերևներին դիմեմ, կամ ՊՆ-ին նվիրեմ, կամ պիտի մաքսազերծվի: Ես ամեն ինչ սիրում եմ օրենքի շրջանակներում անել: Հարցրի՝ ի՞նչ է նշանակում վերևներին դիմել, գեներալի՞ դիմենք, հեգնանքով, թե՝ ի՞նչ գեներալ, ապեր… Ասում եմ՝ ես ՊՆ-ին 2 տոննա նվիրել եմ արդեն, որն ի դեպ, չգիտեմ՝ ո՞ւմ է բաժին հասել, հիմա ես իմ ձեռքով ապրանքը կվերցնեմ, ու կգնամ:Ասացին ՝չի լինի»,-մանրամասնեց Վարդանը:
Վարդան Մալխասյանը ստիպված է եղել դիմել Վարչապետին: Վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը հարգալից ընդունել են բարերարին, շնորհակալություն հայտնել, և խոստացել լուծել բեռն ստանալու հետ կապված խնդիրները, սակայն մաքսային վարչությունում կրկին ամեն ինչ արել են, բեռը չտրամադրելու համար:
«4 օր ինձ հետ բեռնատար էի տանում, որպեսզի բեռը վերցնենք, բայց նորից դատարկ վերադանռում էր բեռնատարը, իհարկե, ամեն օր վճարում էի դրա համար:
Այդ վարչության պետը կրկին ամեն ինչ արեց, որ ապրանքը չստանանք՝ասելով, որ իրեն ոչ-ոք չի զանգել: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել:
Ես այլևս ֆիզիկապես ոտքի վրա չէի կարողանում կանգնել, վատառողջ էի, երկար ճանապարհ էի անցել այդ նյարդային վիճակներն էլ իրենց հերթին: Արդեն այնքան հիասթափվեցի ամեն ինչից, որ որոշոցի ամեն ինչ թողնել ու վերադառնալ ԱՄՆ: 5-րդ օրը Նաիրի Սարգսյանը գիշերը զանգեց և ասաց, որ անձամբ այդ հարցին լուծում կտա և միասին գնացիք օգնությունը վեցրնելու : Նշեմ, որ արկղերը բացված էին, ապրանքներ կային, որ բացակայում էին, թե երբ, ու ովքեր էին հանել, չեմ կարող ասել»,-ասաց նա:
«Արծիվ 30 Արարատ » ռազմահայրենասիրական ՀԿ-ում վստահելի մարդ ունենալով՝ Վարդան Մալխասյանը որոշում է օգնությունը հենց նրանք ջոկատին տրամադրել, որպեսզի հանգիստ լինի, որ ամեն բան տեղ կհասնի, տղերքն էլ կռվելիս մի քանի անգամ հեշտությամբ կկատարեն մարտական գործողությունները:
Անդրադառնալով ներկայիս իշխանություններին՝ մեր հայրենակիցն ասաց , որ ամաչում է դուրս գալ տանից. «Հին իշխանությունից մենք ակնկալիք չունեինք, իսկ Նիկոլից՝ ունեինք: Ու հիմա ես զզվում եմ իրենից: Ամաչում եմ տանից դուրս գալ, և իմ նման շատերը կան: Ես ո՛չ նախկինների մեջ, ո՛չ ներկայիս իշխանության մեջ մարդ չեմ տեսնում որպես ղեկավար: Մեզ Ստալին է պետք, ուժեղ ու խիստ առաջնորդ: Ես այդես էլ չհակացա Նիկոլը հայ, ամերիկացի,ռուս, թե ինչ ազգ է: Մենք պարտվեցինք, որովհետև ամեն ինչ անկազմակերպ է արվել, վառ օրինակն էլ իմ տրամադրած օգնության անիմաստ ու աննպատակ ձգձգումն էր: Այս անգամ երևի սփյուռքին դժվար կլինի դուրս բերել հիասթափությունից» :
Մեր զրուցակցին այժմ ամենից շատ անհանգստացնում է մեր գերիների կարգավիճակը, որոնց հետ վերադարձնելու համար , նրա խոսքով՝ մեր իշխանությունները ոչինչ չեն անում:
«Խոնարհվում եմ զոհված տղերքի ծնողների առաջ, հպարտ եմ նրանցով, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին», -եզրափակեց մեր հայրենակիցը: