«Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի»․ կուսակցության հիմնադիր
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի, որի անդամները վախենում են իրենց առաջնորդից և վարանում են ազատ արտահայտել իրենց մտքերը, հայտնել է կուսակցության հիմնադիր Քեմալ Ալբայրակը, գրում է Ahval-ը։
Կուսակցության նախկին անդամի խոսքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետությունը և դատական համակարգն օգտագործում է որպես «վրեժխնդրության գործիք»։
«Այդ կուսակցությունը խոսեց գիտության, իրավունքի և ժողովրդավարության մասին, բայց ընտրեց օլիգարխիայի ուղին։ Խոսեց ազգը միավորելու մասին, բայց պառակտեցին այն»,- ասել է Ալբայրակը։
Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունում վախի մթնոլորտ է տիրում և իսպառ բացակայում է խոսքի ու բանավիճելու ազատությունը։
«Վախի մթնոլորտը միտք չի ծնում, իսկ այնտեղ, որտեղ միտք չկա, ստրկություն է»,- հավելել է նա: