Զորամասերից մեկում անվնաս պահպանվել է Էդուարդ Արծրունյանի ոչնչացված համարվող որմնանկարը
Նկարիչ Էդուարդ Արծրունյանի որմնանկարը, որը երկար տարիներ համարվում էր ոչնչացված, գտնվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լրագրող-արվեստաբան Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր Անահիտ Կորյունը:
Բանախոսը պատմեց, որ ամեն ինչ ստացվել է շատ պատահական: Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը, ով ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ, զանգել է Անահիտ Կոյրունին ու ասել, որ կարող է հուշեր պատմել Արծրունյանի մասին. «Հանդիպման ժամանակ նա ասաց, որ տարիներ առաջ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում' «Գազպրոմի» հանգստյան տանը, որմնանկարն են ստեղծել: Երբ իրեն ասացի, բայց չէ՞ որ շինությունը քանդվել է, նա զարմանքով հարցրեց. «Քանդվե՞լ է»: Այդ զարմանքը կասկած առաջացրեց: Հիշեցի, որ 4 տարի առաջ Արծրունյանի հետ այս թեմայով խոսել եմ, որի ժամանակ Արծրունյանը հուզմունքով ասել էր, որ իր միակ որմնանկարն այլևս չկա, քանի որ շենքը քանդել են»:
Հետագայում նկարիչ Կամսարի օգնությամբ պարզվել է, որ որմնանկարը գտնվում է Իջևանի Այգեհովիտ գյուղի նախկին հանգստյան տանը, որն այժմ զորամաս է: Այդ զորամասի հրամանատարն ասել է, որ շենքի սեփականատերը շուտով այն կրկին վերածելու է հանգստավայրի: Անահիտ Կորյունը նշեց, որ այս ասուլիսն ավելի շատ նրա համար է, որ սեփականատերը տեղյակ լինի շինությունում գտնվող եզակի արվեստի գործի մասին:
Անահիտ Կորյունը նշեց, որ որմնանկարը վնասված չէ, այն ստեղծվել է 1989 թ-ին և կոչվում է «Հայաստան»:
Արծրունյանի որմնանկարի պահպանման համար կամ այն պետք է տեղափոխվի նկարչի տուն-թանգարան, կամ սեփականատերը պետք է պատասխանատու լինի դրա անվնաս պահպանման համար: Նկարչի ընտանիքի անդամները ևս տեղեկացվել են որմնանկարի հայտնաբերման մասին: