«Նյուելս Օլդ Բոյզի» նախագահ. Չէի կասկածում, որ Մեսին նման քայլի կգնա
Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» նախագահ Էդուարդո Բերմուդեսը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ժեստը՝ նվիրված արգենտինական ակումբի և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին:
«Ես չէի կասկածում, որ Մեսին նման քայլի կգնա: Մարադոնան մեր ակումբի լեգենդն է, իսկ մենք նաև գիտենք, թե ինչ վերաբերմունք ունի Մեսին մեր ակումբի նկատմամբ:
Հուսով եմ, որ Մեսին կվերադառնա «Նյուելս Օլդ Բոյզ» և կարիերան կավարտի այստեղ»,- ակումբի նախագահի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Օսասունային» խփած գոլը նվիրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։
Մեսին գոլից հետո հանել է «Բարսելոնայի» խաղաշապիկը, որի տակ եղել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համար խաղաշապիկը։ Այդ ակումբում է Մեսին սկսել կարիերան, իսկ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյզում» խաղացել է կարիերայի վերջում։