Թրամփի խորհրդականը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար` երկու երկրների հաշտեցման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները շուտով կմեկնի Սաուդյան Արաբիա եւ Կատար` Դոհային Պարսից ծոցի երկրների այլ մայրաքաղաքների հետ հաշտեցնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Axios-ը:
Ամերիկյան կողմի կարծիքով` կարգավորումը կվերադարձներ կայունության զգացողությունը տարածաշրջան եւ ներկայիս ամերիկյան վարչակազմի ձեռքբերումներից մեկը կդառնար մինչ նախագահի հեռանալը հունվարի 20-ին: Նշվում է, որ ԱՄՆ-ն սերտ կապեր է պահպանում ինչպես Կատարի, այնպես էլ դրա հակառակորդների հետ, սակայն վարչակազմի կողմից կողմերին հաշտեցնելու նախորդ փորձերն անհաջող էին:
Քուշները կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալման ալ Սաուդի եւ Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ: ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն նաեւ միջազգային բանակցություններում հատուկ բանագնաց Ավի Բերկովիցը եւ Իրանի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, ով կմասնակցի անձնական հիմունքներով: Ուղեւորությունը տեղի կունենա իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից անմիջապես հետո:
Քուշները շահագրգռված է վերահաստատել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները իսրայելական ինքնաթիռների կողմից Սաուդյան Արաբիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվության վերաբերյալ:
2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին` Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու եւ նրանց ներքին գործերին միջամտելու համար: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցները եւ էմիրության տրանսպորտային շրջափակումը: Երկրները, մասնավորապես, փակել էին օդային տարածքը Կատարի ավիացիայի համար: