«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչը
«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան իր J'imagine երգով: Այս մասին պարզ դարձավ այսօր՝ նոյեմբերի 29-ին՝ Վարշավայից հեռարձակվող մրցույթի ուղիղ եթերի ընթացքում: Ֆրանսիացի երգչուհին ստացել է ինչպես ժյուրիի, այնպես էլ օնլայն քվեարկողների առավելագույն ձայները: Մրցույթի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Ղազախստանի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:
«Մանկական Եվրատեսիլ 2020»-ին մասնակցում էին Եվրոպայի 12 երկրների ներկայացուցիչներ (Գերմանիա, Ղազախստան, Նիդերլանդներ, Սերբիա, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, Մալթա, Ռուսաստան, Իսպանիա, Ուկրաինա եւ Ֆրանսիա): 2013 թ-ից սկսած սա մրցույթին մասնակցող երկրների ամենաքիչ թիվն է, ինչը բացատրվում է կորոնավիրուսի տարածման հանգամանքով:
Covid 19-ով պայմանավորված՝ մրցույթն առաջին անգամ հեռարձակվել է առցանց տարբերակով՝ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ելույթ է ունեցել հենց իր երկրի պետական հեռուստաալիքի տաղավարից:
Հայաստանն այս տարի չի մասնակցել մրցույթին, բայց երգչուհի Մալենան, որը պետք է լիներ մրցույթում մեր երկրի այս տարվա «դեսպանը», երեկ թողարկել է Why երգը, որով էլ պետք է ներկայացներ Հայաստանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Համաձայն հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։