«Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը սադրանք է, սակայն Իրանը զերծ կմնա պատերազմից»․ Պուշկով
Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը սադրանք է, սակայն Իրանը զերծ կմնա պատերազմից, կարծում է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը, գրում է EADaily-ն։
«Թեհրանը շահագրգռված է, որ ԱՄՆ-ն վերադառնա Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրին։ Պարզ է, որ սպանությունը նպատակ ուներ սրել լարվածությունը և տապալել այդ սցենարը։ Իրանը պատերազմ սկսելու առիթ չի տա, թեև հենց դա էլ սպասում են նրա թշնամիները»,-հայտարարել է սենատորը:
Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:
«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել էր Ռոհանին: