Իրանը միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության ֆոնին կարագացնի միջուկային գործունեության նախագծի քննարկումը․ «ՌԻԱ Նովոստի»
Իրանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են երկրի միջուկային գործունեության ակտիվացման մասին օրինագծի քննարկումն արագացնելու օգտին, իրանական լրատվամիջոցներին հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նիստը տեղի է ունեցել միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ֆոնին։
Ավելի վաղ խորհրդարանականները որոշել էին քննարկել «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» անվանումով օրինագիծը: Կիրակի որոշում է կայացվել նախագծին երկակի նշանակության կարգավիճակ շնորհել։
Օրինագիծը ենթադրում է ուրանի հարստացման մակարդակի բարձրացում մինչև 20 տոկոս և ավելի։ Ներկայում Իրանը միջուկային գործարքով նախատեսված 3,67% -ի փոխարեն ուրանը հարստացնում է 4%-ից բարձր մակարդակով։
Բացի այդ, օրինագիծը ենթադրում է Նաթանզում ուրանի հարստացման IR-2M ցենտրիֆուգների գործարկումը և Ֆորդոյի միջուկային օբյեկտում IR-6 ցենտրիֆուգների տեղադրումը, մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգների օգտագործում:
Հիշեցնենք, որ Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:
«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել էր Ռոհանին: