Ռուս զինվորականները Սև ծովի չեզոք ջրերի օդում պետական սահմանին մոտեցող օդային թիրախ են հայտնաբերել
Ռուս զինվորականները Սև ծովի չեզոք ջրերի օդում պետական սահմանին մոտեցող օդային թիրախ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնը:
«Օդային թիրախը բացահայտելու եւ Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերից «Սու-27» կործանիչ է օդ բարձրացվել: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը նույնականացրել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռ եւ ուղեկցել է նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմական ինքնաթիռը փոխել է իր ընթացքը եւ շրջվել է Ռուսաստանի սահմանից, «Սու-27»-ը վերադարձել է ռազմակայան:
Կենտրոնն ընդգծել է, որ կործանիչի թռիչքը համապատասխանել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին:
«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- եզրակացրել են գերատեսչությունում: