«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է միջազգային կառույցների
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին եւ զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների եւ խոշոր տերությունների ղեկավարների։ Այս մասին հայտնում է «Հայաստանի փոքրիկ երգիչների» Facebook-յան էջը։
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր հայ գերիներին եւ զոհված զինծառայողներին վերադարձնելու համար արվեստագետների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ որոշվեց, որ Հայաստանի եւ սփյուռքի բազմամիլիոնանոց հանրությունը, կազմակերպությունները կոչ-նամակով պետք է դիմեն միջազգային ամենատարբեր կառույցներին, պետությունների կառավարություններին, անվանի մարդկանց՝ Ադրբեջանի կառավարության վրա ճնշում գործադրելու հորդորով։ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ներքոնշյալ նամակով արդեն իսկ դիմել է մի շարք միջազգային կառույցների եւ խոշոր տերությունների ղեկավարների (ցանկը կցում ենք) եւ շարունակում է դիմել: Դիմելու ենք նաեւ մեր կազմակերպության՝ բազմաթիվ օտարազգի բարեկամներին։ Յուրաքանչյուրի աջակցությունը կարող է մեծացնել մեր հայրենակիցների՝ ժամ առաջ վերադառնալու հավանականությունը։ Հորդորում ենք բոլորիդ՝ ունենալ ակտիվ ներգրավվածություն այս գործընթացում: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել ներքոնշյալ տեքստից: Միահամուռ հասցնենք այս խնդրանք-կոչն աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։