Ֆրանսիան ամբողջ ուժով փորձում է պահպանել ազդեցությունը Ղարաբաղյան հարցում Հայաստանի պարտությունից հետո. AFP
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կանգնած է լուրջ երկընտրանքի առջեւ՝ Ֆրանսիայի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պահպանելու խնդիրը՝ հաշվի առնելով մեծաթիվ հայ համայնքը երկրում եւ կանխակալության մեջ Ադրբեջանի մեղադրանքները, գրում է AFP-ը:
Մակրոնը մտահոգություն է հայտնել այս ամիս Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրի կապակցությամբ, որով վերջ էր տրվել շաբաթներ շարունակվող ռազմական գործողություններին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ թույլ տվել Բաքվին զգալի չափով ամրապնդել ռազմական հաջողությունները:
Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք շուրջ 30 տարվա ընթացքում աշխատել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ:
«Մենք չենք համարում այդ հրադադարը բավարար»,-ասել է Մակրոնը ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ: «Դա չի լուծում քաղաքական եւ այլ հարցեր»,-հավելել է նա:
Մակրոնը բացահայտ քննադատել է սեպտեմբերի վերջում Բաքվի սկսած ռազմական հարձակումը, եւ մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային մեղադրել է Սիրիայից ջիհադիստներ ուղարկելու մեջ: Նա պնդում էր, որ խնդրի լուծումը չպետք է թողնել Ռուսաստանի եւ Թուրքիայի հայեցողությանը, որոնք նպաստել են հրադադարին եւ ցանկանում են տեղակայել իրենց զորքերն Ադրբեջանում՝ հայտարարելով, որ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի կողմից: «Կան մի շարք հարցեր, որոնք չի կարելի լուծել զուտ ռուս-թուրքական երկխոսության շրջանակում»,-ասել է Մակրոնը:
Սակայն երբ Երեւանը ռազմական պարտություն էր տարել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ստորագրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հսկողությամբ ոչ շահավետ հայտարարությունը, Ֆրանսիան բախվել էր բացասական արձագանքի հետ:
Չնայած Փարիզը պնդում էր, որ չեզոք է, ավելի հաճախ են հնչում կոչեր Մինսկի խմբում իր դիրքից հրաժարվելու մասին, ինչը ծայրահեղ տհաճ առաջարկ է, քանի որ Ֆրանսիան ձգտում է ամրապնդել իր միջազային հեղինակությունը:
«Միսնկի խումբն այն տեսքով, որով ստեղծվել է, մեռած է: Վլադիմիր Պուտինը հմտորեն է խաղացել, եւ թուրքերը նույնպես շահել են»,-ասել է Ֆրանսիայի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Դիդյե Բիլիոնը:
Ֆրանսիայում ապրում է շուրջ 600 000 հայ, որոնք լավ ներկայացված են քաղաքականության բարձր էշելոններում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ընդգծված է, որ Սենատի կողմից Ղարաբաղի ճանաչումը չի արտացոլում Փարիզի քաղաքականությունը: Սակայն Բաքուն կանչել է Ֆրանսիայի դեսպանին, իսկ ադրբեջանցի պատգամավորներն ընդունել են Փարիզը Միսնկի խմբից բացառելու բանաձեւ:
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ օգտակար կլիներ, եթե Ֆրանսիան հրաժարվեր իր դերից՝ հաշվի առնելով իր բարդ հարաբերություններն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ:
Ներկայում Ֆրանսիան փորձում է կիրառել փափուկ ուժ՝ Հայաստանին օգնություն ուղարկելով:
Վերլուծաբանները համարում են, որ քանի դեռ հրադադարի ռեժիմը պահպանվում է, դա չի լուծում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի հարցը: Գործարքն անվանելով «Հայաստանի համար դառը հաբ»՝ Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները հայտարարել են. «Նվաստացումը չի կարող ամուր հիմք լինել կայուն խաղաղության համար»: