ՖԻՖԱ-ն 211 ազգային ֆեդերացիաներին խնդրել է հարգել Մարադոնայի հիշատակը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 211 ազգային ֆեդերացիաներին խնդրել է հարգել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակը։ Արգենտինացի աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ը 60 տարեկանում։
ՖԻՖԱ-ն խնդրել է հանգստյան օրերին անցկացվելիք ազգային առաջնությունների բոլոր հանդիպումների մեկնարկից առաջ լռության րոպեով հարգել Մարադոնայի հիշատակը։
Հիշեցնենք, որ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։
Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:
Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:
Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: