Մարադոնայի մենեջեր եւ ընկեր Ստեֆանո Չեչի․ Դիեգոն հոգնել էր եւ այլեւս չէր ցանկանում ապրել
Նոյեմբերի 25-ին մահացած Դիեգո Մարադոնայի մենեջեր եւ ընկեր Ստեֆանո Չեչին հայտարարել է, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդը հոգնել էր եւ այլեւս չէր ցանկանում ապրել։
«Հիմա հետաքննում են Դիեգոյի մահվան հանգամանքները, նշում են, թե ինչ կարելի էր անել, բայց չի արվել։ Բայց այս մոտեցումը կարելի է տարածել նրա ամբողջ կյանքի վրա։ Դիեգոն 17 տարեկանից ինքն իրեն չէր պատկանում։ Նրա հետ դժվար էր գործ ունենալ, քանի որ փխրուն, համեստ եւ անվստահ մարդ էր։
Վերջին շրջանում նա ֆիզիկապես եւ հոգեպես թույլ էր։ Կարծում եմ՝ նա հոգնել էր եւ ինքն իրեն թույլ տվեց մահանալ, քանի որ այլեւս չէր ցանկանում ապրել»,- Չեչիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։
Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:
Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:
Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: