Ռուս գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային իմունիտետի սահմանման թեստ են մշակում
Ռուսաստանի արյունաբանական ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային իմունիտետի սահմանման թեստ են մշակում: Այդ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն հաստատել կորոնավիրուսի վարակի առկայությունը վիճելի դեպքերում, այլ նաեւ գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունավետությունը:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ T բջիջները (T լիմֆոցիտները) տեղեկություն են պահպանում հակածինների մասին, որոնք ավելի վաղ հայտնաբերվել են օրգանիզմում, եւ ձեւավորում են երկարաժամկետ իմունիտետի վարակների նկատմամբ: Որոշ տվյալներով՝ T բջիջներ կան նույնիսկ մարդկանց մոտ, ովքեր վարակն առանց ախտանիշների են տարել եւ հակամարմիններ չեն արտադրել:
Մասնագետները պարզել են, որ T բջիջներ են հայտնաբերվում նույնիսկ արյան նմուշներով, որոնք վերցվել են մինչեւ պանդեմիան: Այդ ֆենոմենը մասնագետները բացատրում են խաչաձեւ իմունիտետով:
Սակայն T-բջջային իմունիտետի զանգվածային թեստավորումը դեռ տեխնիկապես անհնար է. նման հետազոտություններ են անցկացվում միայն հատուկ լաբորատորիաներում գրեթե ձեռքով:
«Տեխնոլոգիան հիմնված է T բջիջների վիրուսի արձագանքումը հայտնաբերող մեթոդի վրա, սակայն մեր նոու-հաուն կորոնավիրուսային սպիտակուցների ֆրագմենտների կոնկրետ հավաքածու է, որը մենք մանրամասն հավաքում ենք՝ զատելով այն, ինչը կարող է T բջիջների կեղծ-դրական արձագանք տալ: Այդ թեստերը կարող են վիճելի դեպքերում հաստատել անցած կորոնավիրուսային վարակը, ինչպես նաեւ օգտագործվել պատվաստման արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է մասնագետներից մեկը՝ Ալեքսեյ Տիտովը: