Ռուս գիտնականները պատվաստանյութ են մշակում կարմրուկի և կորոնավիրուսի դեմ
«Վեկտոր» վարակաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի (Ռուսաստան) գիտնականները, ովքեր մշակել են EpiVacCorona պատվաստանյութը COVID-19-ի դեմ, նաեւ երկվալենտ դեղամիջոց են մշակում կորոնավիրուսի եւ կարմրուկի դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն` վկայակոչելով «Իզվեստիա»-ն:
Այն վեկտորային, կենդանի (կրկնօրինակման ունակ) պատվաստանյութ է, որը հիմնված է կարմրուկի վիրուսի անվտանգ «Լենինգրադ-16» շտամի վրա, որը հաստատված է երեխաների օգտագործման համար:
Ըստ ՆՊՀ բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի եւ վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Նետյոսովի` այսպիսի պատվաստանյութը ստացվում է կարմրուկի վիրուսի գենոմիկ ՌՆԹ-ին կորոնավիրուսային S սպիտակուցի գենի ավելացման միջոցով, ինչից հետո այն վերածվում է կարմրուկի ռեկոմբինանտային վիրուսի: Այս պրոցեդուրան կոչվում է «հակադարձ գենետիկա»:
Այժմ գիտնականները հետազոտություններ են անցկացնում լաբորատոր կենդանիների վրա` պրոֆիլակտիկ դեղամիջոցի համար կոնկրետ շտամ ընտրելու համար: Ընթացիկ հետազոտություններն անցկացվում են սիրիական գերմանամկների վրա, որոնք զգայուն են կորոնավիրուսի նկատմամբ: Պատվաստանյութի թեկնածուի վերաբերյալ հետագա հետազոտությունները կանցկացվեն կենդանիների մի քանի տեսակների վրա, այդ թվում` ցածրագույն պրիմատների:
«Կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է: Բավական է, որպեսզի միջին չափի սենյակ մի հիվանդ մարդ մտնի եւ մի քանի րոպե շնչի այնտեղ` բոլորին վարակելու համար: Ուստի կարմրուկի վիրուսը չափազանց արդյունավետ «կրող» է»,- ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը: