Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը` ծնողների կողքին (տեսանյութ)
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի ծնողները, հաղորդում է ТАСС-ը:
Հուղարկավորության արարողությունն անցկացվել է նեղ շրջանակի մասնակցությամբ:
Մարադոնային վերջին հրաժեշտ էին տվել Բուենոս-Այրեսում` նախագահական պալատում:
Վերջին անգամ պալատում հոգեհանգստի արարողություն տեղի է ունեցել 10 տարի առաջ, երբ մահացել էր երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշները:
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է երեկ՝ 60 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը: Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: