Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է հասել
Նոյեմբերի 25-ին մահացած Դիգեո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան քննադատել է բուժանձնակազմին, որին վստահված է եղել արգենտինական ֆուտբոլի լեգենդի բուժխնամքը։
«Անբացատրելի է, թե ինչու իմ ընկերը 12 ժամ չի ստացել բուժօգնություն, եղել է բուժանձնակազմի վերահսկողությունից եւ ուշադրությունից դուրս։ Շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է տեղ հասել։ Սա հանցավոր ապուշություն է։ Ես կպահանջեմ հետաքննել այս ամենը»,- Թվիթերում գրել է Մորլան։
Հիշեցնենք, որ 60-ամյա Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։
Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:
Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով աշխարհի չեմպիոն:
Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: