«Ազնավուր» հիմնադրամը, իր գործընկերների աջակցությամբ, 35 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան
«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս:
«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին՝ և՛ ամենաերջանիկ, և՛ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների և գործընկերների ջանքերի շնորհիվ Հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի և կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,– ասել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կգա Հայաստան՝ Հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը: