Ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագը 18 տարեկան էր, զոհվեց Արցախում․ Հենրիկ Հակոբյանը՝ հոր հուշերում (Լուսանկարներ)
Արցախում պատերազմական գործողությունների առաջին օրը զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ, 18-ամյա Հենրիկ Հակոբյանը: Նա օգոստոսին էր զորակոչվել բանակ: Ծառայությունն անցնում էր Մարտակերտում: Ծառայում էր որպես ականանետորդ, այս մասին հաղորդում է News.am Sport-ը:
Հենրիկ Հակոբյանի հայրը Գուրգեն Հակոբյանն է՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Հոր հորդորով զբաղվել է ջրագնդակով, ընդգրվել հավաքական, նվիրվել սպորտին, մարզվել եւ աշխատել հոր հետ որպես ջրագնդակի մարզիչ: Կյանքում նպատակները տնտեսագիտության հետ էր կապել:
Հենրիկ Հակոբյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին, հուղարկավորված է Եռաբլուրում:
Արցախյան պատերազմում նահատակված մարզիկի կյանքի ուղու մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գուրգեն Հակոբյանի հետ:
«Ինձ բոլորն ընկեր Համիկ են ասում: Հենրիկն էլ էր ընկեր Համիկ սիրում ասել: Հենրիկը մեր միակ զավակն էր, մեր տան միակ լույսը: Երկար ժամանակ չեմ հավատացել նրա զոհված լինելուն, բայց մահից 15 օր անց նոր գտել ենք նրա այրված դին, այն էլ ԴՆԹ-ի շնորհիվ:
Հենրիկի կյանքն անցել է սպորտում: Իր 18 տարվա կյանքը նվիրեց սպորտին, ապրեց սպորտով: 5-6 տարեկանից սկսել է զբաղվել տարբեր մարզաձեւերով։ Քանի որ ես ջրագնդակի մարզիչ էի եւ իմ մասնագիտությամբ սկսել էի պրոֆեսիոնալ զբաղվել, որդուս վերցրի ինձ մոտ:
Մարզաձեւի նկատմամբ սերը կար, նվիրված էր շատ: Վերջին տարիներին արդեն դարձել էր Հայաստանի հավաքականի անդամ: Մեծ հեղինակություն էր վայելում դպրոցում, հավաքականում:
Հենրիկի հետ շատ կապված ենք եղել ես եւ մայրը, մասնավորապես ինձ հետ այլ կապ է ունեցել. միշտ ինձ հետ է եղել, իմ աչքի առաջ՝ մարզումներին, աշխատանքում, տանը միասին էինք: Իրենով շատ ենք զբաղվել: Այնքան էր մեծացել, որ մեզ համար խորհրդատու էր արդեն, առանց նրա որեւէ որոշում մեր ընտանիքում չի կայացվել:
Ես Հենրիկին յուրահատուկ դաստիարակություն էի տվել: Մանկուց սովորեցրել էի, որ խիղճն ու բարի կամքն առաջնահերթ պետք է լինեն: Ասում էի, որ թույլերին պետք է օգնել, աղջիկներին պաշտպանել: Այդ ոգով էլ մեծացել էր»,- պատմում է զոհված զինվորի հայրը:
Հենրիկ Հակոբյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 17-ին, Երեւանում: Սովորել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում:
«Դպրոցում լավ էր սովորում: Հիշում եմ, որ դպրոցական տարիներին ծնողական ժողովներից մայրը միշտ հպարտ էր գալիս տուն: Միշտ օրինակ էին բերում Հենրիկին՝ թե սովորելու տեսակետից, թե մարդկային արժանիքների տեսակետից:
Օրերս մոմավառություն էր դպրոցում. չեք պատկերացնում աղջիկներն ինչպես էին սգում: Ասում էին՝ աննկարագրելի լավ մարդ էր, ընկեր էր, օգնող, հասնող»,- ասում է հայրը:
Հենրիկը չնայած հոր խորհրդով է սկսել զբաղվել ջրագնդակով, բայց տարիների ընթացքում «հիվանդացել է» մարզաձեւով:
«Զավակի դաստիարակության հարցում ծնողը շատ մեծ նշանակություն ունի, բայց տղամարդուն դաստիարակում է նաեւ սպորտը, մասնավորապես, մեր մարզաձեւը՝ ջրագնդակը:
Հենրիկը մինչեւ վերջ նվիրվեց սպորտին, մարզվեց մինչեւ վերջին օրը՝ բանակ գնալուց առաջ: Թիմային մարզաձեւ, կոլեկտիվի զգացողություն, ընկերոջը, խաղընկերոջը հասկանալու, հասնելու զգացողություն. այս ամենը սպորտն է կրթում եւ դաստիարակում տղամարդուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում