Երևանի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ «գրաֆիտի»-ների համար. Ռուբեն Մելիքյան
Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համանման իրավիճակ էր 2019թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, եւ ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետեւ քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։
Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձակվել»: