«Առանց միջազգային հանրության կողմից պատժամիջոցների կիրառման այդ ռեժիմների չարագուշակ պահվածքը շարունակվելու է անպատիժ մնալ․․․ Մենք դեռ այստեղ ենք եւ ոչ մի տեղ չենք գնում»․ Էրիկ Էսրաիլյան
«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում բարձրաձայնել արցախահայության խնդիրներն ու ադրբեջանա-թուրքական հարձակումների ու ահաբեկչական գործողությունների հետեւանքները: Ինստագրամյան իր էջում ամերիկահայ պրոդյուսերը նոր գրառում է կատարել, որում ասվում է․
«Ռազմական հանցագործությունների ապացույցները լավ փաստագրված են, ցավոք, դրանք հեշտ է գտնել, եւ ներկայումս կան Ադրբեջանի կողմից հայ զինվորների հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ շրջանառվող տեսագրություններ: Ես չեմ հանրայնացնի դրանք, բայց ես անձամբ անում եմ այն, ինչ կարող եմ` համագործակցելով այն անհատների եւ խմբերի հետ, որոնց վստահում եմ: Դուք երբեք չեք կարող խլել այդ քաջարի զինվորների արժանապատվությունը։ Առանց միջազգային հանրության կողմից պատժամիջոցների կիրառման այդ ռեժիմների չարագուշակ պահվածքը շարունակվելու է անպատիժ մնալ։ Որպես ամերիկացի, ես շարունակելու եմ աշխատել իմ կառավարության պաշտոնյաների հետ` համոզվելու համար, որ նրանք հասկանում են մեղավոր կառավարությունների եւ նրանց ղեկավարության իրական բնույթը։ Օտարերկրյա օգնության դադարեցումը եւ նման սատանայական վարքագիծ ունեցող երկրների դեմ պատժամիջոցների սահմանումը անհրաժեշտ առաջին քայլն է։ Միեւնույն ժամանակ, ես շարունակում եմ մշակել ռազմավարություն եւ ուղղորդել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը հրաշալի կազմակերպությունների միջոցով: Մենք դեռ այստեղ ենք եւ ոչ մի տեղ չենք գնում»։