Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում
Թուրքիան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Իրաքի հյուսիսում: Այս մասին Almaalomah- ին տված հարցազրույցում ասել է Իրաքյան Քրդստանի «Հայրենասիրական միության» անդամ Ալի Վարհանը` նշելով, որ Թուրքիան ավելացրել է իր ռազմական ներկայությունն Էրբիլ նահանգի Հաջ Իմրան շրջանում:
Նրա խոսքով` երեկվանից թուրքական ուժերը տարօրինակ տեղաշարժեր են նախաձեռնել Քրդստանի շրջանում: «Թուրքական ուժերը նոր ռազմական բազաներ են կառուցում սահմանագծի վրա եւ հսկողության համակարգեր են տեղակայում, եւ միեւնույն ժամանակ նոր ուժեր եւ տեխնիկա է մտցվում այդ բազաներ»,- ասել է Վարհանը:
Նա շեշտել է, որ այս բոլոր այս տեղաշարժերն իրականացվում են առանց որեւէ համաձայնեցման Քրդստանի կառավարության կամ սահմանապահ զորքերի հետ տարածաշրջանում:
2020-ի հունիսի կեսերից Թուրքիան լայնամասշտաբ հարձակումներ էր սկսել Իրաքի հյուսիսում, ինչի արդյունքում տարհանվել են Իրաքյան Քրդստանի սահմանամերձ շատ գյուղեր:
Էրբիլը եւ Իրաքի կենտրոնական կառավարությունը դատապարտեցին այդ քայլը, Բաղդադը նույնիսկ կանչեց Թուրքիայի դեսպանին, սակայն Անկարան մինչեւ հիմա չի դադարեցրել ռազմական գործողություններն Իրաքի տարածքում: