Մահացել է Դիեգո Մարադոնան
Արգենտինայում 60 տարեկան հասակում սրտի կաթվածի հետևանքով մահացել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, տեղեկացնում է CNN Brasil-ը:
Մարադոնայի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել:
Վերջին անգամ Մարադոնան հանրության մեջ երևացել է հոկտեմբերի 30-ին՝ Արգենտինայի առաջնության առաջին տուրի՝ «Խիմնասիա» - «Պատրոնատո» հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ արգենտինացի մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Մարադոնան հիվանդանոցից դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին:
Դիեգո Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984 թվականներին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991 թվականներին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993 թվականներին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994 թվականներին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:
Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային ընտրանու կազմում դառնալով աշխարհի չեմպիոն:
Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:
Գրառոըմը և լուսանկարները՝ այս հղումով