ԱԱԾ-ն ազգային անվտանգության սպառնալիքներով զբաղվելու փոխարեն՝ Փաշինյանի հանձնարարականով սատանա էր բռնում. Վանեցյան
ԱԱԾ-ն փոխարենը զբաղվի մեր ազգային անվտանգության սպառնալիքներով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով սատանա էր բռնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Նիկոլ Փաշինյանը չակերտավոր շատ լավ հատկություն ունի։ Նա իր պաշտոնավարման ընթացքում հանրայնորեն բազմիցս տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայությանը։ Օրինակ՝ երբ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին գնա գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, ապօրինություն է։ Հանձնարարում է, որ ԱԱԾ-ն փոխարենը զբաղվի մեր ազգային անվտանգության սպառնալիքներով, որը մեզ հասցրեց այս արհավիրքին, գոնե ինֆորմացիա ստանային, որ «Բայրաքթարներն» արդեն կիրառվում են, և ինչպես կարող ենք դա կանգնեցնել, հանձնարարում է, որ գնան ու սատանա բռնեն։ Հետո էլ լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ՝ սատանային բռնեցի՞ք թե՞ չբռենեցիք, վարչապետի հանձնարականը կատարեցի՞ք ։ Նվաստացնում ու փոքրացնում է պետական մարմինների դերը։ Պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդել է»,- ասաց Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում ինքը և համակարգը ապօրինի հրամաններ չեն կատարել։
«Ես զերծ եմ մնացել ապօրինի հանձնարարություններ կատարելուց, համակարգին զերծ եմ պահել ապօրինի հրամաններ կատարելուց։ Բոլորդ էլ հիշում եք, թե ես ինչ հեղինակություն ունեի իշխանության և ժողովրդի մեջ։ Ես ասել եմ՝ տղերք, թող իմ հրաժարականը լինի սթափեցման քայլ, երկիրը դրեք ճիշտ ուղու վրա և զարգացրեք, բայց իրենք հակառակն արեցին, բոլոր ուժային կառույցները և պետականամետ մտածող մարդկանց թուլացրին, որ կյանքի կոչեն իրենց դավաճանական պլանը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Սրանք փողոցից եկած և իշխանական աթոռները զավթած շարքային ավանտյուրիստներ են։ Մարդիկ հիմա պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին , որովհետև 2․5 տարի առաջ իրենց կարծիքով հաղթել են և հիմա հոգեբանորեն պատրաստ չեն ընդունելու, որ սխալվել են։ Ժողովուրդ, դուք չեք սխալվեք, Նիկոլն է բոլորին հաղթել։ Դուք հաղթել եք այն վատ բարքերին, որոնք կային երկրում, այո, հաղթել եք, բայց ո՞ւր ենք եկել», -նշեց Արթուր Վանեցյանը։