«Ռուս խաղաղապահն ինձ պարտք չէ, որ եկել է այստեղ՝ ինձ, իմ հողն ու վանքերը պահի… Քարվաճառը էլ չկա, եւ եթե չքաղեմ դասեր, վերջին կորուստս չի լինելու». Վաչե Թովմասյան
Դերասան Վաչե Թովմասյանը նոր գրառում է արել՝ խոսելով ստեղծված իրավիճակի, ապագայի անելիքների մասին։
«Շատ դժվար ժամանակներ են: Բոլորը մեղավորներ են փնտրում, մատնացույց են անում ուրիշներին. հներն են մեղավոր, նորերն են մեղավոր, սպառազինության մակարդակը, կրթության ոլորտը, փախան, չգնացին, չտարան, արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությանը, ու այդպես հպարտ մեղավորներով, իրար ուտելով, մեղադրում ենք բոլորին, բացի մեզնից: Դրա համար ա, որ ունենք էն, ինչ ունենք, ինչ որ մնաց, ինչ որ թողեցին, որ ունենանք...
Ու հիմա վերլուծելով ամենը՝ ես ինձ եմ միայն մեղադրում, բայց էն հպարտ մեղավորներից չէ. «Հա, արա, ես եմ մեղավոր!» այդպես չէ ... իսկապես մեղավոր, որ զգոն չեմ եղել, չեմ գնահատել ունեցածս, չեմ պահել ու ծաղկեցրել: Անհոգ եմ եղել՝ չհասկանալով՝ աշխարհագրական դիրքն ինչ է, սթափ չեմ գնահատել մեր բնակչության քանակն ու ռեսուրսները, թշնամիների ուժերը եւ մեր իրական դաշնակիցներին ու իրենց ուժերն ու շահերը: Ու միշտ մտածել եմ, որ ինձ պարտք են բոլորը, չեմ սովորել իմ ամբողջ կյանքում շնորհակալություն ասել։
Ֆրանսիայի նախագահն ինձ պարտք չէր, որ աշխարհի կեսի հետ պրոբլեմի մեջ ընկավ իմ պատճառով, մի հատ հայերեն «Մերսի» ասե՞լ եմ, չեմ ասել: Ռուս խաղաղապահն ինձ պարտք չէ, որ տուն, ընտանիք թողած, եկել է այստեղ, ինձ իմ հողն ու վանքերը պահի: Իսկ իր մաման ու քույրն էլ տանջվեն ու չհասկանան՝ ինչու պիտի իրանց երեխեն կյանքը վտանգի ինձ համար, երբ տեսնում է՝ ինչպես են Մոսկվայում իմ ընկերները թանկ ավտոներով ու հաստ ցեպերով տժժցնում ... ես հո գիտեմ չէ՝ ոնց են տժժցնում ...
Ես մոռացել եմ, որ ունեմ թշնամի, մրցակից չէ, չուզող կամ հակառակորդ չէ ... թշնամի։ Թշնամի, որն ուզում է ինձ սպանել, ջնջել ու տունս վերցնել իրեն։
Այո՛, Քարվաճառը էլ չկա, եւ ես, եթե չքաղեմ դասեր, վերջին կորուստս չի լինելու սա։
Հ.Գ . Քիչ ողբ ու լաց սիրո նշան է, իսկ անսպառ վիշտը նշան է քիչ խելքի: Վիլյամ Շեքսպիր
Այնպես որ, ես անցա գործի, քանի դեռ երիտասարդ եմ, գնացի ուժեղանալու, կրթվելու ու կրթելու երեխուս հանուն իմ, հանուն մեր ապագայի։ Աստված պահապան իմ հայ ազգին, իմ հայրենիքին»,- Instagram-յան էջում գրել է նա՝ օգտագործելով «ի գործ» հեշթեգը։