Հայաստան են ժամանել բրիտանացի հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին COVID-19-ի դեմ պայքարում
Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցեւը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) եւ շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին եւ գործուղվել Հայաստան՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ ԱՀԿ-ի աջակցությամբ:
«Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաեւ աշխատել են Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով տառապող հիվանդների բուժմանը»,- նշել է դոկտոր Զայցեւը:
Առաջիկա ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը եւ կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում։ Խումբը կաջակցի Առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։
Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձեւավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։ ԱՀԿ-ի այս դասակարգումը վկայում է հիվանդներին անմիջականորեն բուժում ցուցաբերելու խմբի կարողության մասին՝ ԱՀԿ միջազգային ստանդարտներին համապատասխան։