Բայդենը պատմել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերի մասին
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենը տեղեկացրել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում առաջին հարյուր օրը կնվիրի միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես ներգաղթյալների մասին օրենք կուղարկեմ Սենատ, որը քաղաքացիության համար դուռ կբացի 11 միլիոն չգրանցված մարդու համար», - ասել է Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է չեղարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հրամանագրեր, որոնք, իր կարծիքով, վնաս են հասցրել կլիմային ու մարդկանց առողջությանը:
Բայդենը նաև տեղեկացրել է, որ հետաքննություն չի սկսի Թրամփի նկատմամբ, և խոստացել է կենտրոնանալ ամերիկյան հասարակության` ինքն իր նկատմամբ վստահության վերականգնման վրա:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ իր իշխանությունը չի լինի Բարաք Օբամայի «երրորդ ժամկետը», որի ընթացքում նա 8 տարի աշխատել է որպես փոխնախագահ:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: