Ֆրանսիայում կարանտինի ռեժիմը հնարավոր կլինի չեղարկել դեկտեմբերի 15-ին. Մակրոնը նշել է, թե որ դեպքում դա տեղի կունենա
Ֆրանսիայի իշխանությունները կարող են կարանտինի ռեժիմը չեղարկել դեկտեմբերի 13-ին: Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ հայտնել է երկրի նախագահ Էմմանուել Մակրոնը, հաղորդում է ТАСС-ը:
«Կախված իրավիճակի զարգացումից և համաճարակային ցուցանիշներից, կարանտինը կարող է չեղարկվել դեկտեմբերի 15-ին»,- ասել է ֆրանսիացի նախագահը: Միևնույն ժամանակ նա հաղորդել է, որ կարանտինի չեղարկման հետ միասին կսահմանվի պարետային ժամ՝ 21:00-ից 07:00: Բացառություն կլինեն միայն Սուրբ Ծնունդը և Ամանորը՝ դեկտեմբերի 24-ը և 31-ը:
«Այսպիսով, սկսած դեկտեմբերի 15-ից բոլորը կրկին կկարողանան ազատորեն տեղաշարժվել երկրում, այդ թվում՝ տարբեր շրջաններում, առանց հատուկ թույլտվության և կկարողանան Սուրբ Ծնունդը տոնել հարազատների հետ»,- ընդգծել է Մակրոնը:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը մանրամասնել է, որ կարանտինի չեղարկումը հնարավոր է, եթե կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը «կլինի 5 հազարից քիչ», իսկ վերակենդանացման բաժանմունքներում կգտնվեն «ոչ ավել քան 2-ից 3 հազար մարդ»: Մակրոնը նաև երկրի բնակիչներին հորդորել է խուսափել առանց ծանրակշիռ պատճառի ուղևորություններից:
Նշենք, որ Ֆրանսիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն ավելացել է 458-ով և գերազանցել 50 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության տրամադրած տվյալներին:
Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 50 237 դեպք:
1 օրում Ֆրանսիայում հայտնաբերվել է վարակման 9155 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 2 153 815 նոր դեպք:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ից կարող է չեղարկվել կարանտինի ռեժիմը: